воскресенье, 3 февраля 2013 г.

Մի անհայտ էջ Շառլ Ազնավուրի եւ ընտանիքի կյանքից- Մաս 1

      1946 թ.-ին նրանք ցանկանում էին ներգաղթել Հայաստան

Թվում էր` ամեն ինչ գիտենք աշխարհահռչակ երգչի կյանքի մասին: Մինչդեռ Հայաստանի ազգային արխիվում պահպանվող համապատասխան փաստաթղթերը նոր լույս են սփռում Ազնավուրների ընտանիքում 1946 թ. տեղի ունեցած մի կարեւոր իրադարձության մասին, որի վերաբերյալ ոչ մի ակնարկ անգամ չկա Շառլի կենսագիրների մոտ: Գուցե աշխարհահռչակ երգիչն ու նրա քույր Աիդան չեն ուզեցել բացել այդ «գաղտնիքը»` անհարկի շահարկումներից զերծ մնալու մտահոգությամբ:  Ով գիտե: Այսուհանդերձ, շնորհիվ երիտասարդ արխիվագետ Արմեն Բադալյանի պրպտումների, «Ազգ»-ը վերջինիս տրամադրած փաստաթղթերի հիման վրա բացահայտում է այդ «գաղտնիքը», քանզի կարծում ենք, որ յուրաքանչյուր մեծ արվեստագետի կյանքի ու կենսագրության մանրամասները կարեւոր եւ արժանի են ուսումնասիրության: Մանավանդ այս պարագայում, երբ խոսքը վերաբերում է համաշխարհային տարողությամբ մի երգչի ու նրա ընտանիքի պատմությանը, դեպի մայր հայրենիք, դեպի Հայաստան նրա կողմնորոշմանը, որն արդյունք է ընտանեկան մթնոլորտի, որտեղ հասակ է առել մեծ արվեստագետը: Դրանով է պայմանավորված նաեւ, ինչպես փաստերն են ցույց տալիս, նրա խորազգաց հայրենասիրությունը, խորարմատ ազգասիրությունը, որի առավել ցայտուն դրսեւորումները երեւացին հատկապես աղետալի երկրաշարժից հետո եւ մինչեւ այսօր:

Այո, 1946 թ.-ին Շառլ Ազնավուրն ու իր ընտանիքը՝ հայրը, մայրը եւ քույրը ցանկանում էին հայրենադարձվել Խորհրդային Հայաստան: Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո, 1945 թ. նոյեմբերի 21-ին, երբ ԽՍՀՄ ժողկոմխորհը որոշում ընդունեց «Արտասահմանյան հայերի Խորհրդային Հայաստան վերադառնալու կապակցությամբ ձեռնարկվող միջոցառումների մասին», աշխարհասփյուռ հայությունը, բացի ՀՅԴաշնակցության արմատական անդամներից, ուզեց բռնել տունդարձի ճանապարհը, դրանց թվում՝ շատ-շատերը ֆրանսահայ համայնքից, որոնց թվում՝ Շառլի ընտանիքը: 1946 թ. մայիսի 30-ին նա եւ ընտանիքի մյուս անդամները դիմել են Փարիզում գտնվող Ներգաղթ կոմիտե եւ շուրջ մեկ շաբաթ հետո, հունիսի 5-ին, ինչպես երեւում է փաստաթղթերից, պաշտոնապես դիմում ներկայացրել որպես «ԽՍՀՄ քաղաքացի» Խորհրդային Հայաստան մեկնելու թույլտվության համար:

Թե ինչու չի իրականացել Ազնավուրյան ընտանիքի հայրենադարձությունը, առայժմ մենք որեւէ բացատրություն չունենք: Սակայն պետք չէ մոռանալ, որ հայրենադարձվել ցանկացողների եւ դիմորդների թիվը եղել է քառապատիկ ավելի, քան հայրենադարձվածներինը, որոնց թիվը շուրջ 90 հազար է: Գուցե Ազնավուրների ընտանիքին էլ, ինչպես տասնյակ հազարավորներին, հերթը չի հասել՝ 1948 թ.-ին ներգաղթն ընդհատվեց անակնկալորեն, երբ շատերն էին արդեն տուն-տեղ վաճառել: Ստալինին այլեւս պետք չէին ներգաղթող հայեր…

Համենայն դեպս, Շառլի պարագայում ազատ ենք ենթադրություններ անել՝ ներգաղթելու դեպքում նա կդառնա՞ր աշխարհահռչակ երգիչ: Հազիվ թե: Նրա տաղանդն անշուշտ ինչ-որ տեղ դրսեւորվելու ելք չէ՞ր գտնի: Հավանաբար: Բայց որտեղ՝ դժվար է ասել: Մեծ շանսոնիեն եւ ընտանիքը չէի՞ն հայտնվի Ալթայի երկրամասում կամ Սիբիրի սառնաշունչ տափաստաններում, ինչպես հազարավոր ուրիշ հայրենադարձներ: Շատ հավանական է: Նրանք չէի՞ն համալրի խորհրդային երկրից, ազատությունների կորստից դժգոհների շարքերը: Անկասկած:

Թե ինչու չի իրականացել Ազնավուրյան ընտանիքի հայրենադարձությունը, առայժմ մենք որեւէ բացատրություն չունենք: Սակայն պետք չէ մոռանալ, որ հայրենադարձվել ցանկացողների եւ դիմորդների թիվը եղել է քառապատիկ ավելի, քան հայրենադարձվածներինը, որոնց թիվը շուրջ 90 հազար է: Գուցե Ազնավուրների ընտանիքին էլ, ինչպես տասնյակ հազարավորներին, հերթը չի հասել՝ 1948 թ.-ին ներգաղթն ընդհատվեց անակնկալորեն, երբ շատերն էին արդեն տուն-տեղ վաճառել: Ստալինին այլեւս պետք չէին ներգաղթող հայեր…

Բոլոր դեպքերում փաստը մնում է՝ Ազնավուրները ցանկանում էին գալ Հայաստան, ծառայել հայոց թատրոնին, երգարվեստին: Եվ սա եւս ապացույց-վկայություն է այս ընտանիքի հայրենանվիրվածության մասին:


Կից սյունակներում ներկայացնում ենք ընտանիքի 4 անդամների՝ հոր, մոր, դստեր եւ որդու ռուսերեն լեզվով լրացված փաստաթղթերի լուսապատճենները, առավել՝ Քնար եւ Աիդա Ազնավուրյանների հայերեն ձեռագիր դիմումները Ներգաղթ կոմիտեին՝ վերծանված մեր կողմից: Դժբախտաբար Մամիկոնի եւ Շառլի ձեռագիր դիմումները, եթե կան այդպիսիք, արխիվագետ Ա. Բադալյանին չի հաջողվել հայտնաբերել պետարխիվում:




Комментариев нет:

Отправить комментарий