воскресенье, 3 февраля 2013 г.

Մի անհայտ էջ Շառլ Ազնավուրի եւ ընտանիքի կյանքից - Մաս 2


Աիտա Ազնաւուրեան, (Փարիզում ճանչցուած Aida Aznavour անունով: Ծնուել եմ 1923 Յունուար 19-ին Սալօնիկ եւ բերուել Փարիզ 1923 Հոկտեմբեր 10ին: Դուստրն եմ դերասան եւ դերասանուհի տէր եւ տիկին Մամիկոն Ազնաւուրեանի: Ինչպէս շառավիղը իմ ընտանիքին,եղած եմ երգչուհի դերասանուհի: Տասը տարեկանիս արդէն նետուած ըլլալով դերասանական ասպարէզը, կրթութիւնս առած եմ գեղարուեստական վարժարանում: Հետեւած եմ դաշնակի (7 տարեկանիս), հետեւած նաեւ տիկսիօնի [1]: 13 տարի շարունակ խաղացած եմ ֆրանսական թատրոններում: Մանուկների թատրոնից մինչեւ չափահասները եւ երգած Փարիզի միւզիքոլներում, ռատիօներում եւ տիսքերում [2]: Վերջին ժամանակներումն ալ մասնակցել եմ մի շարք հայկական տրամաթիկ թատերախաղերում: Եղել եմ Ֆրանսայի ամենամեծ նահանգներում մասնակի հրաւէրներով, նաեւ օտար երկրների մայրաքաղաքներում: Ներկայումս էլ ամենամեծ փափաքս է գնալ հայրենիքում եւ ծառայել իմ ժողովրդին տեղւոյն վրայ կատարելագործուելով:

Դերասանուհի ԱԻՏԱ ԱԶԱՆԱՒՈՒՐ

1. Խոսքի վարպետություն, ֆր.
2. Ընդգծումները իրն են:
——————————————————————————————————————————
Քնար Ազնաւուրեան. Ծնած եմ 1902 նոյեմբեր 16-ին Իզմիթ քաղաքը (Փոքր Ասիա): Զավակն եմ Կարապետ եւ Զարուհի Պաղտասարեանների((նահատակուած 1915-ին աքսորում): Տեղահանութենէն մի ամիս առաջ գնացել եմ Կ. Պօլիս. միջնակարգ կրթութիւն ստացել եմ Բերայի Էսայեան վարժարանում: 1922 Յունուար 22-ին ամուսնանալով դերասան Մամիկոն Ազնաւուրեանի հետ, նոյն տարւայ յունիս ամսին դերասանական խմբի հետ անցել եմ Իզմիր, որտեղից քեմալական կռիւների ժամանակ անցել ենք Սալօնիկ, այնտեղից էլ 1923-ի վերջերը Փարիզ: Սոյն վերոյիշեալ թուականէն մինչեւ օրս ծառայել եմ հայ բեմին ինչպէս տրամաթիք դերասանուհի, զբաղուել եմ միաժամանակ կարուձեւով (ձեռագործ եւ կանացի հագուստներ): Ամբողջ օքիւբասիօնի [1] շրջանին աշխատել եմ ռէզիստանսում [2]: Մեզ մօտ պահել ենք ընկ. Մելինէ Մանուշեան [3], ընկ Տիրան Ոսկերիչեան [4] եւ շատ ուրիշներ, ինչպէս նաեւ կարմիր բանակայիններ: Մեծ կապ եմ հաստատել գերի ընկած կարմիր բանակայինների հետ, որոնցմէ շատերին գերմանական հագուստից մերկացնելու, ինքնութեան թուղթեր ճարելու կամ Մաքի ուղարկելու պարտականութիւնը ինձ էր յանձնուեր:

Ամուսինս մատնուելէն յետոյ (1944 յունիս 20էն սկսեալ) հակառակ կեսթափոյի կրկնակի այցելութիւններուն, ունեցած գաղտնի կապս Մելինէ Մանուշեանի եւ ուրիշների հետ միշտ պահել եմ, եւ գնացել նրանց կողմից տրուած ժամադրութիւններին հրահանգներ ստանալու եւ կարեւոր լուրեր տալու համար եւ սա տեւել է մինչեւ ազատագրում:

Նշանադրուել եմ [5] ֆրանսական կառավարութեան եւ վկայուել F.T.R-ի կողմից:

ՔՆԱՐ ԱԶՆԱՒՈՒՐԵԱՆ

1. Ֆր. գրավում, խոսքը վերաբերում է Ֆրանսիայի գրավմանը գերմանացիների կողմից:։
2.Դիմադրություն, գերմանական զավթիչների դեմ ֆրանսիական դիմադրական շարժում:
3. Բանաստեղծ, դիմադրական շարժման Փարիզի շրջանի գլխավոր կազմակերպիչներից Միսաք Մանուշյանի (նահատակվել է 1943 թ.) այրին եւ զինակիցը:։
4. Հայտնի կոմունիստ, դիմադրական շարժման ղեկավարներից:։
5. Ուզում է ասել՝ մեդալ է ստացել ֆրանսիական կառավարությունից:
—————————————————————————————————————————


Նկար 1. Ազնավուրյան Շառլ Մամիկոնի: Ծնված 22 մարտի 1924 թ. Փարիզում: Ամուսնացած: Ներկայիս քաղաքացիությունը՝ սովետական, անձնագրի համարը՝ 06980/06989: Կրթությունը՝ միջնակարգ: Ազգությամբ՝ հայ: Աշխատում է թատրոնում, երաժշտության ուսուցիչ, բանաստեղծությունների հեղինակ: ԽՍՀՄ-ում կեցության ժամկետը՝ մշտական: Ուղեւորության նպատակը՝ Սովետական Հայաստանում մշտական բնակության: Հասցեն՝ Փարիզ 9-րդ շրջան, Նավարեն փողոց 22:

Նկար 2. Ազնավուրյան Մամիկոն Միսաքի: Ծնված 26 մայիսի 1897 թ., Ախալցխայում: Ամուսնացած: Ներկայիս քաղաքացիությունը՝ սովետական, անձնագրի համարը՝ 06973/069840: Ազգությունը` հայ: Կրթությունը՝ միջնակարգ: Մասնագիտությունը եւ զբաղմունքը՝ արտիստ եւ ռեստորանատեր, իր մասնագիտությամբ չի աշխատում: Անձնագիր չունի: Մեկնում է ընդմիշտ, Խորհրդային Հայաստանում մշտապես ապրելու: Նախապես եղել է Բաքվում եւ Թիֆլիսում, աշխատել է որպես պատվիրատու (անընթեռնելի է): ԽՍՀՄ-ը թողել է 1920 թ.-ին, մենշեւիկների կառավարության օրոք, Բաթումիից: 1932 թ.-ից անդամ է ֆրանսիական կոմկուսի: ԽՍՀՄ-ում ունի քույրեր՝ Երամյան Աստղիկ եւ Ազնավուրյան Արուսյակ, ապրում են Բաքվում եւ Լենինականում, պետական թատրոնների արտիստներ են: Հասցեն՝ Փարիզ 9-րդ շրջան, Նավարեն փողոց, 22:

Նկար 3. Ազնավուրյան (Բաղդասարյան) Քնար Կարապետի: Ծնված 10 նոյեմբերի 1902 թ.-ին Իզմիթում (Թուրքիա): Ամուսնացած: Ներկայիս քաղաքացիությունը՝ սովետական, անձնագրի համարը՝ 06987/06986: Ազգությունը՝ հայ, կրթությունը՝ միջնակարգ: Մասնագիտությունը եւ զբաղմունքը՝ թատրոնի դերասանուհի եւ դերձակուհի: Խ. Միության այցի եւ այնտեղ մնալու ժամկետը՝ իշխանությունների հայեցողությամբ: Ուղեւորության նպատակը՝ Հայկական ԽՍՀ-ում մշտական բնակության: Ֆրանսիական կոմկուսի անդամ 1936 թ.-ից: ԽՍՀՄ-ում ունի զարմուհի՝ Երեւանում: Թույլատրություն ունի Հայկական ԽՍՀ մեկնելու: Հասցե՝ Փարիզ 9-րդ շրջան, Նավարեն փողոց, 22:

Նկար 4. Ազնավուրյան Աիդա Մամիկոնի: Ծնված 13 հունվարի 1923 թ.-ին, Սալոնիկ, Հունաստան: ԽՍՀՄ քաղաքացի, սովետական անձնագրի համարը՝ 06979/06988: Ազգությունը՝ հայ: Կրթությունը՝ միջնակարգ: Զբաղմունքը՝ թատրոնի դերասանուհի: Ուղեւորության թվականը եւ ԽՍՀՄ-ում կեցության ժամկետը՝ իշխանությունների հայեցողությամբ: Ուղեւորության նպատակը եւ ԽՍՀՄ-ում բնակության վայրը՝ մշտական բնակության, Հայկական ԽՍՀ-ում: Հասցեն՝ Փարիզ, 9-րդ շրջան, Նավարեն 22:

«ԱԶԳ» օրաթերթ, Մշակույթ # 005, 10 մարտի 2007


Комментариев нет:

Отправить комментарий